Քաղաքականություն

Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքում. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքում. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի հետևանքները քաղելու է Ադրբեջանի ժողովուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ ավելացնելով, որ պետք է շարունակել պայքարն Ադրբեջանի իշխանությունների դեմ:

«Ուզում եմ, որ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի իշխանությունների դեմ, բայց ոչ ադրբեջանցիների: Ես ուզում եմ, որ մեր հայերը գիտակցեն՝ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքում: Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով ժողովուրդը տառապում է: Տառապում է, որովհետև այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու: Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին: Դրա համար մենք պետք է աշխարհով մեկ միասնական պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ: Եվ այդ պայքարի ձևերը դուք գիտեք: Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը, դիմելով Հայաստանի և Սփյուռքի հայերին, բաձր գնահատեց բոլորի համախմբվածությունը, աջակցության ցուցաբերումը:

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում և Սփյուռքում, իրականում սա սրբազան, հայրենական պատերազմ է: Այս համախմբվածությունն առաջին հերթին օգնելու է մեր տարհանվածներին, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր, քան երբևէ Հայաստանի ու Արցախի իշխանությունների դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռորոշ է: Ուզում եմ, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հետ կապված այդ աջակցությունը շարունակի մնալ: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում համախմբվածության համար»,-հավելեց Արցախի նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում