Սփյուռք

Մեր ժողովրդի արյունով ու աղոթքով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա․ Արամ Ա Կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Մեր ժողովրդի արյունով ու աղոթքով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա․ Արամ Ա Կաթողիկոս

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովրդին ու հայոց բանակին աջակցող և զորակցող ուղերձ է հղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Կիլիկիա» հեռուստաընկերությունից։

«Հայ ժողովուրդն ու Հայաստանը գտնվում են իրենց ժամանակակից պատմության վճռական հանգրվանում։ Թշնամին կրկին իր արնաթաթախ սուրն ուղղել է Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Թող Ադրբեջանն իմանա, որ իր դիմաց գտնվում է բանակի վերածված մի ամբողջ հայություն, թող Ադրբեջանը քաջ գիտակցի, որ նման մարտական գործողություններով չի կարող ընկճել մեր ժողովրդի հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին։ Մեր ժողովրդի արյունով, աղոթքով ու ստեղծագործ ոգով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,- նշել Է Արամ Ա Կաթողիկոսը։

Խոսելով միջազգային համայքնի մասին, Արամ Ա-ն հայտնել է, որ վերջիններս պետք է անդրադառնան այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմին պատերազմի հրահրողը Թուրքիան է։

«Հենց այդ նույն Թուրքիան, իր տնտեսական, քաղաքական ու զինվորական միջամտություններով ապակայունություն է ստեղծում արաբական երկրների, ինչպես նաև իսլամական աշխարհի ներսում։ Այս անգամ էլ նույնը փորձում է անել Կովկասի ներսում։ Միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա Թուրքիայի նման քաղաքականության նկատմամբ։ Սիրելի հայ ժողովուրդ, հայրենիքը սուրբ արժեք է և հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է»,- ասել է Արամ Ա-ն։

Վեհափառն ուղերձի վերջում բոլոր հայերին համախմբվելու կոչ է արել։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում