Վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները. ԿԲ փոխնախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը, բացի այդ, վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

Երիցյանը նախ նշեց, որ խնդրահարույց կամ չաշխատող վարկերը պատմականորեն տատանվում են ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: «Իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1 տոկոսային կետով և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Դա նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները»,- ասաց Երիցյանը:

Նրա պնդմամբ՝ մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: «Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության, վարկառուները սկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են: Մեր սեփական փորձը նույնպես վկայում է այս մասին»,­ նշեց նա:

Երիցյանը հիշեցրեց, որ 2018-ին բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները: Հետո ԿԲ-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ ներում ստացած մարդկանց կողմից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում: «Այսինքն՝ այդ մարդիկ ունեն … պարտաճանաչ վարքագծի խնդիր»,- ընդգծեց ու հավելեց՝ ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում, իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել՝ ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը:

Նա շեշտեց նաև, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ. ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Վարկերից ստացված տոկոսներից բանկերը պետք է կատարեն ավանդատուների նկատմամբ իրենց պարտավորությունները: «Բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսի վճարի տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ­ի մոտավորապես 2.5 տոկոսը: Եվ մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում՝ 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը»,- ասաց Երիցյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը