Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:

Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում:

Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում