Հասարակական

Ալկոհոլից թունավորված 4 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին:

Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող բուժառուն բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից:

«Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ է թունավորման հավանական աղբյուր:

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:

Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու նպատակով»,- եզրափակել է Նիկողոսյանը:

Հայերեն