Հասարակական

Ռուստամ Բադասյանը խոսել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցված հաջողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը խոսել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցված հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարիներ շարունակ քրեկատարողական հիմնարկներում տեղի ունեցող խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի, քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա ազդեցության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ընդգծեց, որ նախարարությունը զբաղված է այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ։

«Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ: Հարուցված վերջին քրեական գործերին բոլորդ ծանոթ եք, բոլորդ տեսնում եք դրանցում Քրեակատարողական ծառայության ներդրումը։ Բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի շրջանակում ՔԿՀ-ների խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, և խոշտանգման մասին խոսելը ավելորդ է»,- ասաց Բադասյանը։

Նախարարը սխալ մոտեցում է համարում քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին վստահելը, ըստ որոնց՝ ՔԿՀ-ներում խոշտանգումներ են տեղի ունենում, այլ ոչ թե Արդարադատության նախարարության կամ Քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը։

Բադասյանը վստահեցրեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է և ընթանալու է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում