2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1696 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 198569 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 861 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63, 79 տարեկան տղամարդիկ և 58 տարեկան կին:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան