Հասարակական

Սևանա լճի ափամերձ հատվածում ընթացքի մեջ է ապօրինի տաղավարների ապամոնտաժումը

2 րոպեի ընթերցում

Սևանա լճի ափամերձ հատվածում ընթացքի մեջ է ապօրինի տաղավարների ապամոնտաժումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ հատվածում ընթացքի մեջ է ապօրինի տաղավարների ապամոնտաժումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սևան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջը:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «Սևան» ազգային պարկ այցի ժամանակ տեղում վեր է հանվել ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք. Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան:

«Նախարարը կարգադրել է ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Այս պահին ապօրինի տաղավարի ապամոնտաժումն ընթացքի մեջ է»,- նշված է հաղորդագրությունում:

«Սևան» ազգային պարկի ղեկավարությունը հիշեցնում է, որ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսավարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։

«Ստուգայցներն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվի օրենքով սահմանված կարգով։ Պահպանե՛նք մեր ազգային հարստությունը»,- ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 13-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում