Իրավունք

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

2 րոպեի ընթերցում

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բողոքը, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է. Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից, հիշեցնելով, որ Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է  10000 քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:

Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման լրացումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի մայիսի 29-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, և «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում