Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի ուղղությամբ հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, և ժամանակն է, որ Ադրբեջանն ընդունի սա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Անվտանգության խորհրդի օգոստոսի 21-ի նիստում:

«Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ փաստաթղթի արդիականությունը և կենսունակությունը: Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

«Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում:

«Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, Կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

«Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»,- նշել է Փաշինյանը:

Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն العربية English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ