ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս հայտնեց, որ 2020 թվականի աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց ասուլիսի ժամանակ:
«Բիզնեսներ կան, որ կորոնավիրուսի տարածման շրջանում փակվել են: Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են ավելի քան 90 տոկոսով: Քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն: Մենք այդ ընկերությունների փակվելը համարում ենք պայմանական, որովհետև նրանք անմիջապես կվերաբացվեն այն ժամանակ, երբ վերականգնվեն զբոսաշրջային հոսքերը»,- նշեց Խաչատրայնը:
Նա հույս հայտնեց, որ աշնան վերջին ամիսներին որոշ ուղղություններից Հայաստան կժամանեն զբոսաշրջիկներ: Նախարարը վստահեցրեց, որ դրանից հետո փակված բիզնեսների մեծ մասը կվերադառնա իր գործունեությանը:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան