Վարչապետը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի եզդի համայնքիսիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:
Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որհայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»: