Անդրեյ Բերեզովչուկը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուկրաինացի մարզիչը հանդես է եկել «Նիկոլաև», «Մետալիստ», «Խարկով», «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, ներկայացրել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականները:
«Մետալիստի» կազմում 2011/2012 մրցաշրջանում Բերեզովչուկը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, խաղացել է Չեմպիոնների լիգայում: 39-ամյա մասնագետը հանդիսանում է Ուկրաինայի առաջնության արծաթե և հնգակի բրոնզե մեդալակիր:
2015-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է ՈՒԵՖԱ մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը