Պաշտոնական

Արմեն Սարգսյանն այցելել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սոս Էլբակյանի ընտանիքին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն այցելել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սոս Էլբակյանի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանն, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։

Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։

Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար:«Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը, նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:

Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում