Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հիմնադիր նախագահ, «Յունիքոմփ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Օնէքս» ՍՊԸ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են ոլորտի վրա համավարակի ազդեցությանը, երկրի համար գերակայություն հանդիսացող այս բնագավառի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև՝ որակյալ կրթությանն, արտոնությունների տրամադրմանը, ժամանակակից ուղղություններին՝ տվյալների կառավարմանը, կիբերանվտանգությանը: Նրանք կարևորել են նաև համագործակցությունը տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող նախագահական նախաձեռնությունների և Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար: Նախագահն առաջարկել է փոփոխվող աշխարհին նայել ուրիշ աչքերով, հասկանալ զարգացման միտումներն ու ուղղությունները և փորձել դիրքավորվել նորովի: Մասնավորապես անդրադառնալով հանդիպմանը քննարկված՝ տվյալների անվտանգության թեմային, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն այսօր արժեքավոր ուղղություն է։«Աշխարհը փոխվում է, և տվյալների դերը ևս փոխվում է՝ դառնալով այնքան դոմինանտ, որ վերածվում է նավթի նման արժեքավոր հումքի: Այս համատեքստում՝ շատերը չգիտեն՝ ինչ անել։ Բայց այս իրավիճակը նաև հնարավորություն է ստեղծում։ Այստեղ ճիշտ կլինի, որ մենք գործընկերներ ունենանք։ Պետք է համագործակցել այն ընկերությունների, մարդկանց հետ, ովքեր աշխարհում լավագույններն են։ Նրանց հետ համագործակցելով պետք է առաջ գնանք: Սա ևս հնարավորություն է, որ կարող ենք Հայաստանում զարգացնել»,- ասել է նախագահը:

Նախագահը նշել է, որ հենց դրան է ուղղված նաև ATOM նախագահական նախաձեռնությունը: Նախաձեռնության շրջանակում համագործակցության մասին արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա 18 խոշորագույն ընկերությունների հետ, որոնք աշխարհի տեխնոլոգիական հսկաների թվում են՝ IBM-ը, Siemens -ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, Քեմբրիջի համալսարանի գիտական պարկը և այլն:«Գաղափարն այն է, որ փոքր լաբորատորիաներ ստեղծվեն, որոնք կզբաղվեն արհեստական բանականությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը։-Ծրագիրն ունենալու է մի քանի բաղադրիչ. մեկը թանգարանն է, որը կոչվելու է Ապագայի թանգարան։ Լինելու են նաև համաժողովների կենտրոն և կրթական պլատֆորմ: Ուրախ կլինեմ միասին աշխատել»։

Նախագահը համաձայնել է հանդիպման մասնակիցների հետ, որ ոլորտի զարգացման հիմքը որակյալ կրթությունն է.«Եթե մեր կրթական համակարգը չբարձրացնենք միջազգային որակի՝ խիստ կարգապահության, պահանջկոտության մակարդակով, շատ դժվար է լինելու»։

Հանրապետության նախագահը կարևորել է նաև Հայաստանի ներուժն ու հնարավորություններն արտերկրում պատշաճ ներկայացնելու խնդիրը, ինչի համար մեր երկրում համապատասխան ինստիտուտի, կամ, ինչպես նշվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) և Հանրապետության նախագահի աշխատակազմի համատեղ պատրաստած փաստաթղթում, Արագ արձագանքման խմբի կարիք կա.«Մեր պատկերացումով՝ այն պետք է լինի փոքր գործակալություն, որը կկարողանա ձեզ հասկանալ և տարբեր երկրներում գործընկերներ գտնել։ Բոլոր պետությունները՝ մեծից մինչև փոքր, ունեն նման ինստիտուտի կարիք։ Այս համատեքստում ձեզ հետ համագործակցությունն էական կլինի»։

Նախագահը նույնպես կարևոր է համարել համագործակցությունը նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային միջոցառումների շրջանակներում: Անդրադարձ է եղել հնարավոր համագործակցությանը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի, ինչպես նաև աշնանը ծրագրվող՝ «Հորասիս-Չինաստան» համաժողովի, գալիք տարի Երևանում նախատեսվող՝ գիտության, աստղագիտության, երաժշտության ու արվեստի STARMUS փառատոնի շրջանակներում, որն ունենալու է նաև տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը նվիրված բաղադրիչ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան