Վարդան Մինասյանը դեռևս չի որոշել՝ ինչպես կլինի համագործակցությունը «Արարատ-Արմենիա»-ի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դեռևս չգիտի՝ կշարունակի համագործակցությունը ներկայիս ակումբի հետ, թե ոչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը: «Չեմպիոնությունն ավելի դժվար է պահպանելը, քան չեմպիոնությունը նվաճելը: Բացի այդ, այս տարի մեր մրցակիցները շատ ավելի ուժեղ էին: Երկու կարևոր հանգամանք կար, որ ազդեց մեր խաղի վրա: Եվրոպայի լիգայի խաղերը հոգեբանորեն ազդեցին մեր վրա: Երկրորդն էլ այդ համաճարակի ազդեցությունն էր` դադարը»,-ասաց Մինասյանը:
Մասնագետի խոսքով`«Արարատ-Արմենիա»-ն մրցաշրջանի վերջին խաղում ցույց տվեց, որ փորձառու թիմ է: «Համեմատելով նախորդ տարվա հետ՝ մենք այս տարի ավելի ձևավորված ենք դարձել: Դեռևս չգիտեմ, թե մեր համագործակցությունը ակումբի հետ ինչպես է լինելու: Քանի որ պայմանագրիս վերջին օրը լրացավ այսօր: Թեպետ մեկ ամիս առաջ առաջարկ ստացել եմ նոր պայմանագրի հետ կապված»,-ասաց Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրի վճռորոշ խաղում երկրի չեմպիոնության համար պայքարեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:Մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով, որոնք մեծ վտանգ չէին ներկայացնում: Նմանատիպ արագ հակագրոհներից մեկի ժամանակ` 17-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նարսինգը: Խաղակեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն Օտուբանջոյի խփած գոլի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը: Թիմերը հանգստի գնացին 2:0 հաշվով` հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի:
Երկրորդ կեսը շատ ավելի ակտիվ սկսեց «Նոա»-ն: Այս խաղակեսում «Նոա»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Սակայն ոչինչ անել այդպես էլ չհաջողվեց, և «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց ու երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը