Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այսօր երեկոյան Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, իր հայրական օրհնությունն ու զորակցությունը փոխանցել հայոց բանակին»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում