«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro  ծրագիրը կիրականացվի հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, բայց սպասվում են նաև հուլիսյան միջոցառումներ և անակնկալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց:

«GAIFF Pro-ն, ինչպես ցանկացած միջազգային կինոշուկա, հիմնված է շփման և կապերի ստեղծման վրա, և, ցավոք, ինչպես կարելի է եզրակացնել, այս տարի հնարավոր չի լինելու Երևանում կազմակերպել մարդաշատ հանդիպումներ ու միմյանց ներկայացնել կինոգործիչների՝ աշխարհի տարբեր ծայրերից:Սակայն այն չի հուսահատեցնելու ոչ մեզ, ոչ մեզ սպասողներին, քանի որ GAIFF Pro-ն տեղի է ունենալու հենց հուլիսյան օրերին և առցանց: Փորձելու ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին, օգտագործելու ենք արդեն հայտնի դարձած Zoom հարթակը»,- ասում էGAIFF Proծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրականGAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չի լինելու: Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ՝ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Այս միջոցառումների մի մասը նաև բաց կհեռարձակվիGAIFF Pro-ի և«Ոսկե ծիրան»-իֆեյսբուքյան պաշտոնական էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների:

«Շուկայի բոլոր միջոցառումները դեռևս հաստատված չեն, բայց մի քանի գաղտնիք կարող ենք բացել: Շուկա ընտրված նախագծերը սկսելու են փիթչինգի և նախագծերն օնլայն ներկայացնելու աշխատարաններն արդեն հունիսի 8-ից, մինչև շուկայի սկսելը, ինչի նպատակն է նրանց ավելի լավ նախապատրաստելը հանդիպումներին: Պանելային քննարկումները, զրույցները հիմնականում լինելու են համարտադրության, փառատոնային ռազմավարության և ֆիլմերի գովազդի, ինչպես նաև կինոժառանգության պահմանման, կինոֆինանսավորման մասին: Շատ հետաքրքիր զրույց է լինելու Ատոմ Էգոյանի և վրացի երիտասարդ ռեժիսորների միջև: Մնացած միջոցառումների մասին կհայտարարենք ավելի ուշ»,-նշում է GAIFF Proծրագրերի ղեկավարը։

Սոնա Կարապողոսյանը տեղեկացնում է, որ GAIFF Pro-ն այս տարիմոտավորապես 50 հայտ է ստացել։

«Եթե հաշվենք նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաների հայտերը միասին, այս ամենը մոտ 10-15-ով զիջում է այն պատկերին, ինչն ունեինք նախորդ տարիներին: Ընդ որում՝ զարմանալին այն է, որ նվազել են Հայաստանից նախատեսվող հայտերը: Օրինակ` 2018-ին Հայաստանից ունեինք 18 նախագիծ, իսկ այս տարի՝ միայն 6: Սա, իրոք, ցավալի է, քանի որ անկախ այն փաստից, որ շուկա ընտրվում են ընդամենը երեք նախագիծ, մյուս հայկական նախագծերը երբեք չեն անտեսվում: Նախորդ տարիներին էլ հայտ ներկայացրած բոլոր հայկական նախագծերը հնարավորություն են ստացել մասնակցել մի քանի աշխատարանների և փիթչինգ ունենալ: Լավագույն նախագծերն էլ արժանանում են ՀՀ վարչապետի մրցանակին, որը բավական զգալի աջակցություն է»,-նշում է Սոնա Կարապողոսյանը։

GAIFF Pro-ի շուկան ընդունում է նախագծեր Փոքրկովկասյան տարածաշրջանից, իսկ կինոմասնագետներ են մասնակցում եվրոպական մի շարք երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Սլովակիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:

«GAIFF Proհարթակն արդեն սկսել են ճանաչել միջազգային ասպարեզում, և մարդիկ, ովքեր ցանկանում են համարտադրությամբ զբաղվել այս տարածաշրջանի հետ, սկսում են կապվել մեզ հետ, այցելելու ցանկություն հայտնել: Կա հետաքրքրություն անգամ նախորդ տարիների մասնակիցների նկատմամբ՝ տեղեկանալով մեզանից նրանց մասին, այս ռեժիսորներին հրավիրում են այլ կինոշուկաներ:

Հաջողություններ են գրանցում նաև մեր նախագծերը. օրինակ Լուսինե Սարգսյանի «Վարորդ» նախագիծն ընտրվել էր մասնակցելու Բեռլինի կինոշուկայի տաղանդների աշխատարանին, Մերի Աղախանյանի «Իռենի աշխարհը» մասնակցում էր «Երբ արևելքը հանդիպում է արևելքին» կինոշուկային և մրցանակի արժանացավ, Սիլվա Խնկանոսյանի ֆիլմը ներկայացվեց Լայպցիգի և Ռոտերդամի փառատոններում: Ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին նմանատիպ լավ նորություններ շատ ավելի հաճախ ենք լսելու»,- նշեցՍոնա Կարապողոսյանը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում