Անհավանական է. Կլոպը` «Լիվերպուլի» չեմպիոնության մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր մարզած թիմի` 30 տարվա դադարից հետո նվաճած չեմպիոնությունը որակում է անհավանական:
«Անհավանական է: Այս չեմպիոնությունն ավելին է, քան ես պատկերացնում էի: Մեզ համար իսկապես գերլարված 100 րոպե ստացվեց «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում: Չէի ուզում հետևել այս խաղին, սակայն դա չէ այժմ կարևորը: Սա իմ ֆուտբոլիստների անհավանական նվաճումն է, և ես շատ ուրախ եմ նրանց մարզելու համար: Ես չեմ սպասել 30 տարի, այստեղ եմ միայն 4,5 տարի, սակայն սա իսկապես մեծ նվաճում է: Քանի որ ոչ մեկը չգիտեր՝ մենք կկարողնա՞նք նույն տեմպով շարունակել այս դադարից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կլոպը:
«Լիվերպուլը» ժամանակից շուտ հռչակվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր սիթիին» հյուրընկալվելիս Լոնդոնի «Չելսին» պարտություն կրեց և միավորներով այլևս չի հասնի «Լիվերպուլին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն իսկ հավաքել է 86 միավոր և 26 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր սիթիից»: Վերջին անգամ ակումբը Անգլիայի չեմպիոն է հռչակվել 1989/90 մրցաշրջանում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը