Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»։