Հասարակական

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Եվրոպական միության գործընկերների հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպանԱնդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մի շարք ոլորտներում գրանցած արդյունավետ ու ընդգրկուն համագործակցության համար և անդրադարձել հայաստանյան բարեփոխումների օրակարգին։ Դրանք հիմնականում վերաբերել են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցերին։

ԵՄ պաշտոնյաները գնահատել են դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը, ինչպես նաև վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում