Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին Հայաստանի մասնակցությանը: Տեսազանգի մասնակիցները քննարկել են նաև 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված համաձայնագրերի նախագծերը, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում և համավարակի դեմ պայքարին ուղղված հակաճգնաժամային բյուջետային աջակցության ծրագրերը: ԵՄ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ծրագրերը կամփոփվեն առաջիկա ամսում:

Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանինաջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև շարունակական աջակցություն տրամադրելու բարեփոխումների իրականացման գործընթացում, ներառյալ 2020 թվականի ծրագրերի համատեքստում: Նա շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իրականացված համապարփակ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար: Լոուրենս Մերեդիթը տեղեկացրել է, որ ԱլԳ ղեկավարների հանդիպմանը ակնկալվում է քննարկել երկարաժամկետ քաղաքականության հինգ նպատակադրումները, որոնք առաջարկվել էին ս.թ. մարտի 18-ին հրապարակված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ առաջարկի մեջ:

Տեսազանգի ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարում նախաձեռված միջոցառումները և քննարկել են կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրների առջև ծառացած խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում