Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոսը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրաշքի համազոր երևույթ է համարում 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության վերահաստատումը, թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արամ Ա-ն ասել է Հանրապետության տոնին նվիրված իր տեսաուղերձում:

«Հրաշքի համազոր երևույթ էր անկախության, հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաև հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- ասել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտնել է, որ մեկ դար առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած հերոսներն այսօր ևս հիշեցումներ ունեն կատարելու:

«Թեև անկախ Հայաստանի կյանքը երկար չի տևել, սակայն անկախության ոգին ու տեսլականը վառ են մնացել հետագա սերունդների կյանքում։ Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու.

Առաջին հիշեցում՝ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, իր միջազգային հարաբերությունների ծավալումը, յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդի և մեր ողջ ժողովրդի համար գերագույն առաջնահերթություն է։

Երկրորդ հիշեցում՝ Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի և ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։ Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախ անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանին և Արցախին հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է։

Երրորդ հիշեցում՝ զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը՝ ինչպիսին էին Հայաստանի պայմանները 1918թ., տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում և Հայաստանը շրջապատված թշնամիներով»,- նշել է Արամ Ա-ն:

Կաթողիկոսը համեմատություն է անցկացրել Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների միջև` նշելով, որ Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա:

«Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, մի?թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։ Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։ Հարգել մայիսի 28-ի հերոսներին, նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, հավատարիմ մնալ Արցախի ու Հայաստանի անկախությանը»,- ասել է կաթողիկոսը։

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատումտված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո