Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանըմայիսի 11-ին հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել իր նստավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,մայիսի 11-ի հանդիպմանն ազատամարտիկները նախագահին են ներկայացրել իրենց անցած ճանապարհը, անդրադարձել ներկայիս խնդիրներին: Նրանք միեւնույն ժամանակ կարևորել են ուշադրությունն ու հոգատարությունը ինչպես ազատամարտիկների, այլև՝ ընդհանրապես պատերազմի վետերանների հանդեպ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Առաջին հերթին շնորհակալ եմ ձեր սրտի ծառայության համար, որովհետև դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով»:Նախագահն ասել է, որ հաղթանակը մեր միասնական ջանքերի արդյունք է, և բոլոր ազատամարտիկները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև համընդհանուր՝ բոլորիս ուշադրության ներքո:«Պետությունը պետք է հպարտ լինի իր զինվորով ու ազատամարտիկով, և դուք էլ հպարտ լինեք, որ այս երկրի քաղաքացին եք»,- ասել է նախագահ Սարգսյանն, ընդգծելով, որ կամավորականի, զինվորականի հանդեպ վերաբերմունքը բոլոր առումներով՝ նյութականից մինչև բարոյական, պետք է լինի առանձնահատուկ:

Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում