Ճշմարտությունը լուսավոր է արևից․ Կարմիր բանակի սպա Շահվալադ Շահնազարյանի պատմությունը

7 րոպեի ընթերցում

Ճշմարտությունը լուսավոր է արևից...

Այս խոսքերով է բացվում Կարմիր բանակի ավագ սպա կոթեցի Շահվալադ Շահնազարյանի ծոցատետրը, որն, ավաղ, շատ դատարկ էջեր ունի…

Արդեն ավարտել էր Կիրովականի մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի անցել Ալավերդու շրջանի Ղազաղան և Աքորի գյուղերում` որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, երբ 1940 թ. նոյեմբերին մեկնեց Սովետական Կարմիր բանակ: Ուլանբատոր-Սրետենսկ-Ստալինգրադ-Բելովո-Կրասնոյարսկ…..-Կոթի. ճանապարհ, որ Շահվալադն անցավ կրակների, արյան և սիրո միջով: Կրակների միջով են անցել նաև Շահվալադի` ռազմաճակատից գրած տասնյակ նամակները, որոնք մինչև 90-ականները խնամքով պահվում էին մի տուփի մեջ` նրա ստացած շքանշանների հետ: Այդ տուփը ժամանակին որդեկորույս մոր ունեցած ամենանվիրական բանն էր: Արցախյան պատերազմի տարիներին Շահվալադի հայրական տունը թշնամու ծանր հրետանու նշանակետում էր. այրվեցին ու քամու-անձրևի տակ ոչնչացան շատ նվիրական մասունքներ, այդ թվում` Կարմիր բանակի ավագ սպայի որոշ նամակներ և անձնական իրեր: Պահպանվել են ուսուցիչ-զինվորի ձեռքով գրված ինքնակենսագրականը, նրա զին. գրքույկը, անձնագիրը, կոմերիտական քարտը, ծոցատետրը, որոշ նամակներ և փաստաթղթեր և շքանշաններից երկուսը: Այդ ամենով կարողանում ենք հավաքել քաջարի զինվորի ու ավանդական հայ ընտանիքի նվիրյալ որդու կյանքը` ընդամենը 28 գարուն…

1941 թ. Մոնղոլիայի Ուլանբատոր քաղաքի 8-րդ մոտոհրաձգային վաշտի կուրսանտ Շահնազարյանը 1942 թ. արդեն N796 մոտոհրաձգային վաշտի հրամանատարն էր, երբ հանդիպեց Կլարա Ֆիլյուշկինային: Այդ հանդիպումով պետք է հետո իմաստավորվեր խոստումնալից հայորդու` ասուպի նման փայլուն և ակնթարթային ընթացքը. նրանք ամուսնացան` փոխադարձ սիրո խոստումներով, բայց նրանց սիրուն վիճակված չէր երկար ժամանակ… Ամիսներ անց Շահվալադը պետք է մեկներ ռազմաճակատ: Կլարան ցանկացավ մեկնել ամուսնու հետ, «իր զինվորին» մենակ չթողնել, սակայն սպայի կյանքը ապագա մայրիկի համար չէ´ր. «Դու շուտով մայր ես դառնալու, Կլա´րա. զոհերից բացի ծնու´նդ էլ պետք է լինի», - տարիներ անց հիշում էր Կլարան:

Վիրավորվեց առաջին անգամ: Վերքը խորը չէր, իսկ կամքն` աննկուն: 1942-ի մարտի 13-ին գրած նամակում կարդում ենք.«Մայրի´կ ջան, դուք գրել եք, որ` երբ իմացանք, որ վիրավոր ես, չգիտեմ ի¯նչ դրության մեջ ընկանք: Մայրի´կ ջան, գիտեմ` առանց այդ (մտածելու) հնարավոր չէ, բայց ցածրացնե´լ մտածելու քանակը` հնարավոր է, և ա´յդ պետք է անեք, քանի որ դրանից է կախված Ձեր առողջությունը, որ ինձ ուժ է տալիս… Իմ մասին մտածել, որ միգուցե կճնշվի´ ուրիշի առաջներին կամ դժվարություն կքաշի և այլն` այդ մի´ մտածեք. Ձեր Շահվալադը այդպիսին չէ´, այդպիսին լինել չէ´ր կարող, քանի որ նրան դաստիարակել եք Դու´ք…»:

1942թ. օգոստոսն էր. Կլարայի «զինվորը» Ստալինգրադի մատույցներում էր` իբրև 7-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատար: Կատաղի մարտերում վիրավորվեց երկրորդ անգամ. այս անգամ վերքը խորն էր: Վիրավորին տեղափոխեցին Նովոսիբիրսկ` երկարատև բուժման: Ապաքինման ընթացքում Շահվալադ Շահնազարյանը նշանակվում է Բելովո քաղաքի զինկոմիսարիատի գաղտնի բաժնի պետ: 1943թ. փետրվար - 1944թ. օգոստոս ամիսներին ղեկավարում է Կրասնոյարսկի երկրամասի Բելովո քաղաքի 43-րդ պահեստային հրաձգային դիվիզիան: Մորն ուղղված նամակում նա գրում է, որ իր կատարած գործը չի´ համապատասխանում նրա կոչման հետ:

1944-ի օգոստոսի 20-ին զորացրվում է` ծանր վիրավոր լինելու հետևանքով:

Շուրջ 5 տարի` անտեսելով մարմնի բազմաթիվ վերքերը, զբաղվել է իր սիրած գործով` մանկավարժությամբ: Ուսուցիչ, ում մասին հետո նրա աշակերտը պետք է գրեր. «Հետո շատերս ուսուցիչներ դարձանք, բայց նա մնաց անկրկնելի, մնաց ու դարձավ մի անմոռաց անուն, մի իսկական ուսուցչի կերպար, կատարյալ մարդու կոնկրետ օրինակ» (Ս. Վերանյան, 20.11.1980 թ., «Ծիածան»):

Աննկուն ոգին չէ´ր սիրում կիսատ գործեր. նա որոշում է ամեն գնով ավարտին հասցնել ուսումը և հեռակայում Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, բայց, ինչպես և ծոցատետրը, Շահվալադի ստուգման գրքույկը ևս պետք է ունենար չլրացված էջեր…

Շահվալադ Շահնազարյանը մահացավ 1949-ին` հայրենի Կոթի գյուղում` այդպես էլ չիմանալով, որ իր դուստրը լույս աշխարհ է եկել և մեծանում է իր` «զինվորի» լուսանկարին նայելով ու հարցնելով մորը. «ո՞վ է այս քելին…»:

Գուցե դստեր մասին անտեղյակությունն ու անօգնական վիճակն էին ստիպել, որ կյանքի վերջում քաջարի հայորդին գրեր այս տողերը, որ մաշում էին սևազգեստ մոր քնքուշ սիրտը. «… դնել տվեք այդ ժայռը գերեզմանիս վրա… առանց այդ քարի ես միշտ վեր կկենամ…»:

Հ.գ. Իսկ Կլարան սպասում էր: Պատերազմն ավարտվել էր: Շահվալադի վերջին տխուր նամակից տարիներ էին անցել. սիրող սիրտը կանխազգում էր մի բան, որի մասին հստակ իմանալ չէր շտապում: Բայց նույնքան ծանր էր անորոշությունը, և Կլարան «համարձակվեց» ստանալ Նոյեմբերյանի շրջկոմիսարիատի պատասխանը… Անցան տարիներ: 1956 թվականն էր. Շահվալադի հարազատները ստացան նամակ` անծանոթ մի աղջնակից. Լյուդմիլան էր գրում: Կարճ ժամանակ անց հայրական տան շեմին էր սև աչքունքով, թուխ մազերով ու դեմքով Լյուդմիլան` ի´նքը` Շահվելադը. անհնար էր շփոթել: Իսկ Կլարան իր արցունքներով ողողել էր ամուսնու պաղ շիրմաքարը. անպատմելի տեսարան… Նրանք մնացին Հայաստանում, Լյուդմիլան կազմեց գեղեցիկ հայ ընտանիք, ունեցավ երկու չքնաղ դուստր` Սվետլանան և Աիդան, իսկ Կլարան մահկանացուն կնքեց ամուսնու հարկի տակ և թաղվեց նրա` «իր զինվորի» կողքին…

Շահվալադին հավերժ սիրահարված Կլարայի սերը միակ բանն էր, որ կիսատ չմնաց ավագ սպայի կյանքում…

Զրուցեցինք Շ. Շահնազարյանի եղբոր թոռնուհու`

Հասմիկ Հախվերդյանի հետ

Հայերեն

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել