Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,- շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։-Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, բայց իմ գիտակցության մեջ Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր մյուս ընկերները ևս այստեղ ներկա լինեին։ Եռաբլրի ամեն մի մարտիկ հերոս է, անկախ նրանից՝ պետությունը նրան հայտարարե՞լ է ազգային հերոս, թե՞ ոչ: Նրանք բոլորը հերոսներ են:

Որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով։ Ունենանք հզոր Հայաստան և հզոր Արցախ»:

Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և հյուրընկալության համար՝ նշելով, որ Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի միասնականության շնորհիվ էր:«Մենք ազգովի ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր: Ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում