Մխիթարյանի գործակալը հերքում է լուրերը, թե հայ կիսապաշտպանը դիմել է «Արսենալ»-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանի գործակալը հերքում է լուրերն այն մասին, որ հայ կիսապաշտպանը դիմել է «Արսենալ»-ին՝ իրեն բաց թողնելու խնդրանքով:
«Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալ»-ին իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռայոլայի խոսքերը փոխանցում է Pagineromaniste-ն:
Ավելի վաղ լուրեր կային, որ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է,որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ:Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:
Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը