Պաշտոնական

Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ որպես օժանդակություն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև Լիտվայի շարունակական աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները:

Արմեն Սարգսյանն ասել է, որ պարբերաբար հեռավար զրույցներ է ունենում իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների հետ՝ տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ:«Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ վարակից բուժելու վայրերը դառնան վարակ տարածող վայրեր»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը: Նրանք ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ՝ կրթության ու մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ երկու բարեկամ երկրների արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ է Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

Զրուցակիցները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ինչպես համավարակով պայմանավորված իրավիճակի, այնպես էլ այլ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում