Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո հնարավոր է թույլատրվի 5 փոփոխություն կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է առաջնության վերսկսումից հետո ակումբներին թույլատրել 5 փոփոխություն կատարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: Լիգան նման որոշում կկայացնի, քանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը