Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:

Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին:

Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը եւ նախականխմանը ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:

Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:

Շատ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձևակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների:

Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:

Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:

Սիրելի՛ ոստիկաններ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ ևս դուք պայքարի առաջնագծում եք:

Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ և ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:

Հայերեն English Français Русский

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին