Տարածաշրջանային

Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ

3 րոպեի ընթերցում

Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հետազոտողների խմբի և սերոլոգիական ախտորոշման թեստի ծրագրի ղեկավար, Թեհրանի բժշկական համալսարանի իմունոլոգիայի բաժնի դասախոս, դոկտոր Զառնանի՝ այս նոր թեստի միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել՝ անձը նախկինում հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ, մինչդեռ նախկին թեստերը վարակի 14-օրյա շրջանի ավարտից և հիվանդի ապաքինումից հետո ի վիճակի չեն հաստատել անձի՝ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը:

Դդոկտոր Զառնանը նշում է, որ այս թեստերը բացարձակ ճշգրտությամբ ախտորոշում են նախկինում այս վիրուսով հիվանդացած լինելու փաստը և մեծ աջակցություն կցուցաբերեն այն մարդկանց, ովքեր նախկինում հիվանդացել են, բայց հիվանդության ախտանիշների թույլ լինելու պատճառով չեն կռահել այդ մասին: «Նախկինում հիվանդացած և առանց բարդության հիվանդությունն անցկացրած մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, բացարձակ անվտանգ են հասարակության այլ անդամների համար և առանց տնից դուրս գալու սահմանափակումների կարող են հանգիստ վերադառնալ իրենց առօրյա կյանքին ու բնականոն աշխատանքին»,-պնդում են իրանցի գիտնականները:

Իրանական լրատվամիջոցները հույս են հայտնել, որ բժշկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների և բարեգործների ֆինանսական աջակցությամբ շատ շուտով հնարավոր կլինի մեծ քանակությամբ սերոլոգիական ախտորոշման թեստերի արտադրություն սկսել, ինչն էլ իր հերթին մեծ աջակցություն կլինի կորոնավիրուսի դեմ պայքարող Իրանի և ամբողջ աշխարհի համար:

Նոր թեստերն ավելի արագ ու ճշգրիտ են ախտորոշում և ավելի բյուջետային են ու մոտ ապագայում հնարավոր կլինի նրանց օգնությամբ զանգվածային թեստավորում կատարելով, բնակչության ստվար զանգվածի թույլատրել վերադառնալ իրենց աշխատավայրեր՝ դրանով իսկ թեթևացնելով այն տնտեսական բեռը, որն առկա է բոլոր երկրներում:

Նյութը տրամադրեց ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան մշակույթի կենտրոնը

Թարգմանիչ՝ Արմինա Սարգսյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում