Հասարակական

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների մի մասը հեռահար եղանակով է աշխատելու

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների մի մասը հեռահար եղանակով է աշխատելու

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:

Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետը։

Պետրոսյանը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետարանում կազմակերպվել է քննարկում:

«Հայտնեմ, որ այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ վերահսկողության ներքո: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է՝ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել, մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները, չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները, ժամանակավորապես չեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենների և/կամ ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում, համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները»,- գրել է Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետը հորդորում է քաղաքացիներին տեղիք չտալ խուճապ առաջացնող տրամադրություններին, պահպանել զգոնություն և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում