Հասարակական

Տարվա բոլոր եղանակներին Կենդանաբանական այգին ներկայանում է նոր ծրագրերով ու միջոցառումներով

3 րոպեի ընթերցում

Տարվա բոլոր եղանակներին Կենդանաբանական այգին ներկայանում է նոր ծրագրերով ու միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում տնօրինությունը մշակում է այգու զարգացման նոր նախագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն առայժմ մանրամասներ չի ներկայացում: Ցանկանում է այնպես անել, որ սպասվող փոփոխություններն այգու այցելուների համար անակնկալ լինեն: Փոխարենը Վլադիմիր Սիմոնյանը շտապում է հետաքրքրվողներին հրավիրել Երևանի կենդանաբանական այգի՝ հիշեցնելով, որ թեև ամեն տարի այգու պաշտոնական բացումը տեղի է ունենում մայիսի 1-ին‚ սակայն այն աշխատում է տարվա բոլոր եղանակներին: Ամբողջ տարվա ընթացքում այգում կազմակերպվում են տարբեր կրթական ծրագրեր‚ միջոցառումներ, փորձում են ներգրավել կամավորների այգու աշխատանքների կազմակերպման գործում։

Վլադիմիր Սիմոնյանը նկատեց, որ շուրջ 80 տարվա պատմություն ունեցող այգին այսօր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկն է, և այգու հիմնական առաքելությունը մարդկանց մեջ սեր, բարություն սերմանելն է կենդանիների, բնության, ինչու ոչ, միմյանց հանդեպ։

«Այգին ամբողջությամբ բացահայտումների շարք է: Օրինակ՝ այցելուների մեծ մասը տեղյակ չէ, որ յուրաքանչյուր կենդանու ազատավանդակի մոտ գտնվող ցայտաղբյուրին այդ կենդանու նկարն է։ Պետք է ուղղակի ժամանակ տրամադրել ու վայելել ամեն պահը, փորձել հասկանալ, ուսումնասիրել ամեն անկյունը»,-ասում է Վլադիմիր Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ այգում ներդրված ամենահետաքրքիր գաղափարներից մեկը խնամակալության ինստիտուտն է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության և Երևանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից մեկի խնամակալը: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է:

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն ընդգծում է՝ իր պաշտոնավարման կարճատև ժամանակաշրջանում շատ դժվարություններ են հաղթահարվել, արդյունքում՝ հասկացել է մի կարևոր բան, կենդանաբանական այգում աշխատելու համար ամենակարևորը սերն է նման աշխատանքի նկատմամբ։

«Գործ ունես շատ զգայուն ու խոցելի բնագավառի հետ, և այս դեպքում առանց սիրո աշխատանքի արդյունավետություն չի լինի։ Կենդանիներն ամեն օր‚ ամեն ժամ ունեն խնամքի կարիք։ Բոլորն այստեղ շատ սրտացավ են և կենդանիների վարքի մի փոքր փոփոխության դեպքում էլ արագ արձագանք է լինում։ Նրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում», - ասաց Վլադիմիր Սիմոնյանը՝ հավելելով, որ կենդանիների հետ աշխատանքը հետաքրքիր է, այն նոր փորձի հնարավորություն է հետագա աշխատանքների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում