Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամները մեկ ընտանիքի պես են. Մարալ Արթին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը վերստեղծումից հետո նոր-նոր հիմքեր է գցում՝ ստեղծելով վաղվա օրվա ընտրանին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի աշխատանքի արդյունքում այժմ հավաքականում են խաղում Եվրոպայում և ԱՄՆ-ում մեծ ֆուտբոլ մտնող և մեծ ապագա խոստացող հայազգի կին ֆուտբոլիստները: Նրանցից մեկը Մարալ Արթինն է, ով ծնվել և մեծացել է Գերմանիայում և խաղացել է այնպիսի աշխարհահռչակ ակումբում, ինչպիսին Մյունխենի «Բավարիա»-ն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարալը կիսվեց իր փորձով, խոսեց նորաստեղծ հավաքականի մասին և հույս հայտնեց, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում կարող է և կզարգանա:

-Մարալ, պատմեք խնդրեմ ձեր մասին…
-Ծնվել և մեծացել եմ Գերմանիայում, Հայդելբերգ քաղաքում: Ծնողներս տարիներ առաջ են տեղափոխվել այնտեղ: Հենց Գերմանիայում 5 տարեկանից սկսեցի ֆուտբոլ խաղալ: Հայրս նկատեց տաղանդս, և 16 տարեկանում էլ տեղափոխվեցի «Բավարիա»` այնտեղի կանանց թիմում խաղալու:
-Ինչպե՞ս Ձեր հայրը տեսավ, որ գնդակի հետ լավ վարվել գիտեք:
-Իրականում շատ ծիծաղելի պատմություն է, թե ինչպես հայրս տեսավ, որ կարող եմ ֆուտբոլ խաղալ: Ընտանիքով գնացել էինք խորոված ուտելու, և տղաների հետ գնդակով խաղում էի: Հայրս, որ ֆուտբոլից հասկանում է, տեսավ, թե ինչպես եմ խաղում: Նախ՝ ուզեց, որ երկու ոտքով էլ հարվածեմ, և հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Եվ քանի որ Հայդելբերգում աղջիկների թիմ չկա, խաղում էի տղաների հետ, հետո 9 տարեկանում հրավեր ստացա «Հոֆենհայմ»-ից:
-Ի՞նչ արձագանք և աջակցություն ստացաք ընտանիքից, ծնողներից, հատկապես մայրիկից:
-Թե մայրս, թե հայրս միշտ էլ աջակցել են ինձ: Նրանք հենց սկզբից հասկացել էին, որ եթե տաղանդ ունեմ, ուրեմն իրենք օգնելու են ինձ ամեն հարցում: Հայրս ամեն խաղին կողքիս էր, վերլուծում էինք միասին: Ցավոք, ամեն կիրակի, որ պիտի ընտանիքի օր լիներ, ես հայրիկիս հետ գնում էի խաղերի:

-Դուք խաղացել եք գերմանական այնպիսի թիմերում և ակումբներում, որոնք անուն ունեն: Ինչպիսի՞ փորձ էր դա:
-Գերմանիայում իրապես կանանց ֆուտբոլը շատ զարգացած է: 16 տարեկանում խաղում էի Գերմանիայի կանանց ֆուտբոլի թիմում: «Բավարիա»-ի կազմում էլ դարձել եմ Գերմանիայի չեմպիոն: Իսկապես մեծ փորձ հավաքեցի այնտեղ խաղալով: Հիմա խաղում եմ ֆրանսիական «Արաս» ակումբում: Քիչ-քիչ անունս հայտնի է դառնում:
-Մարալ, հիմա ֆուտբոլում ԱՄՆ-ի կանանց թիմն ակնհայտ ֆավորիտ է: Որո՞նք են նմանությունները և տարբերությունները գերմանական ու ամերիկյան ֆուտբոլում:
-Ամերիկյան ֆուտբոլը հիմնված է աթլետիկ վիճակի վրա, այսինքն` նրանք շեշտը դնում են ֆիզիկապես ուժեղ լինելու վրա, իսկ գերմանական ֆուտբոլը տեխնիկապես է հարուստ: Ես ուշադրություն եմ դարձնում տեխնիկապես հարուստ խաղին: Գերմանիայում զարգացած է փոխանցումներով խաղ կազմակերպելը:
-Ինչպե՞ս ստացվեց, որ միացաք Հայաստանի ընտրանուն:
-Հրավեր ստացա Աննա Թադևոսյանից (Աննա Թադևոսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարն է-հեղ.): Հետո անձամբ եկավ ծանոթանալու և հրավիրեց խաղալու հավաքականում: Ես տեղյակ չէի, որ կանանց թիմ կա Հայաստանում: Բայց առանց մեկ րոպե իսկ մտածելու անմիջապես համաձայնեցի գալ ու խաղալ:
-Հայաստանում կանանց ֆուտբոլն այն մակարդակը չունի,որը կա ամբողջ աշխարհում: Հասարակության մի մասի համար դեռևսփոքր-ինչ տարօրինակէ հնչում, որ կանայք ևս կարող են ֆուտբոլ խաղալ: Դուք ինչ արձագանք ստացաք ընտրանու կազմում հանդես գալուց հետո:
-Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի կանանց թիմը ունակէ և կարող է պայքարել լավ թիմերի դեմ և չպարտվել՝ խաղից առաջ բոլորը պարտություն էին կանխատեսում: Երկրպագուները հանդիպումից հետո շատ ուրախ էին: Խաղադաշտ էինք մտել ապացուցելու, որ մենք պարտվելու համար չէ, որ եկել ենք: Չհաղթեցինք, բայց ցույց տվեցինք, որ ունակ ենք խաղալու:

-Հավաքականի խաղում փորձի պակասը զգացնել տալի՞ս էր…
-Այո: 10 օր էր, ինչ միասին էինք, հավաք էինք անցկացնում: Բայց զգացողություն կար, որ հավաքականը մեկ ընտանիքի պես է գործում: Որքան էլ խաղի ընթացքում մեր ուժերը սպառվում էին, միևնույն է, ամբողջ թիմով «կռվում» էինք: Գիտեինք, որ միասնական խաղով կարող ենք գոլ խփել:
-Ի՞նչ եք կարծում, ինչ ապագա է սպասում կանանց ընտրանուն:
-Իմ կարծիքով՝ մեծ և լավ ապագա ունի Հայաստանի կանանց հավաքականը: Լիտվայի հետ երկու ընկերական խաղերից հետո զգում ենք, որ կարող ենք ավելին: Այս խաղերում փորձի պակասը մեզ խանգարեց, բայց քիչ-քիչ, խաղից խաղ մեր վարպետությունն ավելացնելով՝ մեծ նպատակների կարող ենք հասնել:
-Ինչի՞ մասին եք երազում ֆուտբոլում:
-Ուզում եմ մի օր խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում:
-Եվ ո՞ր թիմն է դա:
-Ֆրանսիական «Լիոն»-ը:
-Մարալ,կա՞ ֆուտբոլիստ, ում օրինակը ձեզ համար ուսանելի է եղել:
-Կանանց ֆուտբոլում՝ ոչ, բայց շատ սիրում եմ Մեսիի և բրազիլացի Ռոնալդինյոյի խաղը: Ռոնալդինյոյի մեջ ինձ գրավում էր, թե ինչպես է ժպիտը դեմքին խաղում, հաճույք ստանում ֆուտբոլից:
-Ֆուտբոլում տաղա՞նդն է կարևոր, թե աշխատասիրությունը:
-Երկուսն էլ միաժամանակ: Տաղանդը պետք չէ, եթե աշխատասիրություն չկա:

-Իսկ դուք տաղանդավո՞ր եք, թե աշխատասեր:
-Կարծում եմ, երկուսն էլ ունեմ (ծիծաղում է):
-Մարալ, մի քանի բլից հարց. Գվարդիո՞լա, թե Կլոպ:
-Գվարդիոլա:
-Թո՞մ, թե Ջերի:
-Թոմը:
-Գի՞րք, թե ֆիլմ:
-Գիրք:
-Պիցցա՞,թե պաղպաղակ:
-Պաղպաղակ:
-Սուրճ, թե թեյ:
-Թեյ:
-Շնորհակալություն անմիջական զրույցի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Հայկ Մանուկյանի