Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ. Ռոման Սիմովիչ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Այդ իսկ նպատակով երաժշտական այս տոնի շրջանակում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են ոչ միայն հայ մենակատարները, այլև աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնք այդ գործերը ներառում են իրենց երկացանկում՝ հետագայում հնչեցնելով տարբեր բեմերում։ Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար բեմերում և նվագախմբերի հետ։ Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը կատարել է առաջին անգամ։ «Այս գաղափարը Սերգեյինն է. անցած տարի նա ինձ առաջարկեց սովորել երաժշտական այս մեծ ստեղծագործությունը։ Ես անմիջապես համաձայնեցի։ Ալեքսանդր Հարությունյանի այս կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ։ Այս գործի մեջ կարող ես զգալ մեծ ցավ, քանի որ այն նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ուրախ եմ, որ այն դարձել է իմ երկացանկի մասը։ Սերգեյ Սմբատյանն անբացատրելի տաղանդ ունի. նա հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել կարճ ժամանակում նվագախմբի հետ։ Իհարկե, դա մեծ աշխատանք է պահանջում։ Նա սիրում է ռիսկի դիմել, նա շատ ազատ է, պարզ և հաճելի է նրա հետ աշխատելը։ Սերգեյ Սմբատյանը լավ դիրիժորի բոլոր որակներն ունի։ Նա մեծապես կատարելագործել է նվագախումբը՝ հասցնելով մեկ այլ մակարդակի։ Մաեստրո Սմբատյանն իրավամբ մեծ աշխատանք է կատարում Հայաստանի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոման Սիմովիչը։

Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը երեկոյի ընթացքում կատարեց միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Կոնցերտը համարվում է աշխարհում շեփորի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացումն ու պահպանումը։

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի