Ալեն Սիմոնյանը վստահ է, որ «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց փետրվարի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, թե «Ո՛չ»-ի շտաբ չեն ձևավորելու, իրենք քաջ գիտակցում են, որ «Այո՛»-ն հաղթելու է: Ես վստահ եմ, որ «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև օրենքը դրա կարգավորումը տվել է: Արդեն կան մարդիկ, որոնք համացանցում հայտարարում են «Ո՛չ» քվեարկելու մասին»,- ասաց Սիմոնյանը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Հանրաքվեում «Այո՛»-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ «Ո՛չ»-ի շտաբ չեն ձևավորելու: