Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, կարևոր են Հայաստանի և Իրանի միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»:

***

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հավատացած եմ, որ միմյանց կրոնի և մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում հաստատված և հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է:

Հանրապետության նախագահը Իրանի հոգևոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում