Հայտնի են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները. նրանց պարգևատրել են Մոսկվայում

6 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 30-ին Գնեսինների անվան դպրոցում տեղի է ունեցել «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվել են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները:

Միջոցառմանը տեսաուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը. «Գիտեմ, որ այսօր առանձնահատուկ միջոցառում է կազմակերպվել, որն իր շուրջն է համախմբել Ռուսաստանի բազմաթիվ հայերի, ովքեր նվիրված են իրենց պատմական հայրենիքին և միաժամանակ հանդիսանում են Ռուսաստանի օրինակելի քաղաքացիներ»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր տեսաուղերձում ARMONIA մրցույթի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր խաղին:

Երիտասարդ երաժիշտների նախընտրական փուլը կայացել էր առցանց ռեժիմով և հավաքագրել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լատվիայի և Բելառուսի հայկական Սփյուռքից ավելի քան 150 երիտասարդ երաժիշտների: ARMONIA մրցույթի հաղթողներն են Եկատերինա Նայդյոնովան՝ ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա, Սերգեյ Մկրտչյանը՝ ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա, Արտյոմ Իոաննիսյանը՝ թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա, Աիդա Ավանեսյանը՝ դաշնամուր, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար, ով հանրությանը հայտնի է Ռուսաստանի Առաջին ալիքի «Բոլորից լավը» հեռուստաշոուից, Մարիա Միշել Յաումզեցը՝ Classical Young Stars Vienna -ի կողմից հատուկ մրցանակ: Մրցանակակիրներից յուրաքանչյուրն ստացել է պատվոգիր, ինչպես նաև դրամական մրցանակ և բժշկական ապահովագրություն՝ ընդհանուր 100 000 ռուբլու չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրներին ընտրել են ժյուրիի պատվավոր անդամները՝ հեղինակավոր արվեստագետներ՝ Արթուր Ահարոնյանը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարյուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Ֆրանսիական հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ, Սուրեն Բագրատունին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոնների ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, Ջիվան Գասպարյանը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր, Հասմիկ Գրիգորյանը՝ երգչուհի, Լիտվայի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո, Ստաս Նամինը՝ Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Կոնստանտին Օրբելյանը՝ դիրիժոր, դաշնակահար, Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Միխայիլ Խոխլովը՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի տնօրեն:

«Այն ամենն, ինչ կապված է մարդկային կապիտալի հետ, որն առկա է մեր գլխում և հոգում, մոտ ապագայում ամենաարժեքավորը կլինի,-ասել է New Economic School-ի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը և հավելել,- ամենակարևորը՝ երիտասարդ երաժիշտները, ում մենք այսօր տեսանք բեմում, նույնքան մեծ հաճույք ստանան իրենց հետագա գործունեությունից, որքան մենք այսօր ստացանք նրանց կատարումներից»:

«Երբ «Assembly»-ն նոր էր զարգացնում իր գաղափարները, ես խորապես համոզված էի, որ այն հաջողություն կունենա, քանի որ կազմակերպությունն իր առջև դրել է ամենաբարձր նշաձողը», - ասել է Մոսկվայի պետական համալսարանի կառավարման և քաղաքականության ամբիոնի դեկան Հենրի Սարդարյանը:

«Սա չտեսնված մրցույթ է: Որպես ժյուրիի անդամ՝ ես ստիպված էի ընտրել ամենահետաքրքիր մասնակիցներին և գնահատել 1- 10 միավոր։ Լսում էի այս երեխաներին և ուղղակի ապշած էի․ բոլորին 10 նշանակեցի: Իհարկե, սխալ մոտեցում է, ինձնից ի՞նչ ժյուրիի անդամ, եթե բոլորին գերազանց եմ գնահատում: Բայց ես ոչինչ չէի կարող անել,- ասում է պրոդյուսեր և հայտնի ռեժիսոր Ստաս Նամինը: - Ես ունկնդրեցի իսկապես երաժշտասեր աղջիկների և տղաների: Որտե՞ղից են նրանք այդ տարիքում ճանաչում կյանքը ․․․Սա Հայաստանի` անցյալից եկած ինչ-որ գենետիկ ծածկագիր է, որը նրանց իմաստություն է տվել»:

«Շնորհակալ եմ, որ հենց մեր դպրոցն է ««Armenian Assembly»-ն ընտրել երիտասարդ տաղանդներին աջակցելու իր նախագծի համար: Ես շատ հպարտ եմ, որ Գնեսինների դպրոցն առաջինն է, որտեղ երեխաները սովորում են պրոֆեսիոնալ նվագել դուդուկ»,- ասաց Գնեսինների անվան դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը: - Շատ երեխաներ մասնագիտական առաջխաղացման և նոր ձեռքբերումների հարցում օգնության կարիք ունեն: Մրցույթի մասնակից բոլոր երիտասարդ երաժիշտներին, որոնց թիվն ավելի քան 150-ն է, մաղթում եմ, որպեսզի նրանք բոլորը սլանան դեպի նոր բարձունքներ և իրենց տաղանդով նվաճեն նոր բեմեր»:

Երեկոն իր շուրջն էր համախմբել հայկական համայնքի հաջողակ գործիչներին, որպեսզի նրանք ջերմ ու բարեկամական մթնոլորտում երիտասարդ սերնդի հետ կիսվեն հաջողության հասնելու իրենց բանաձևով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում