Հաղթեցինք և հաղթելու ենք. Հասմիկ Պապյանը Ռուզան Մանթաշյանի դրեզդենյան ելույթի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, անդրադառնալով Ռուզան Մանթաշյանի` փետրվարի յոթին «SemperOpernball»-ին մասնակցությանը, Ֆեյսբուք-ի իր անձնական էջում գրել է` հաղթեցինք և հաղթելու ենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պապյանը գրել է. «Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք օպերային պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Սա հաղթանա՞կ է՝ կհարցնեն շատերը: Այո, անկասկած: Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»,-նշել է երգչուհին:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են` առանձնակի շնորհակալություն հայտնելով Նարինե Աբգարյանին: «Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետևողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը` ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է, մասնավորապես, երիտասարդներին. որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է...

Հաղթեցինք և հաղթելու ենք»,-եզրափակել է Հասմիկ Պապյանը:

Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել է:Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլիհաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը:Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:

Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ` Հասմիկ Պապյանը, Վարդան Պետրոսյանը և այլք: Հարցը միջազգային հնչեղություն ստացավ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նամակում նշվում էր.

«Հարգելի տիկին Բուդդե, համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը: Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

Աջակցության ակցիաներից հետո հայտնի դարձավ, որհայ երգչուհին կրկին հրավեր է ստացել երգելու համերգին և տվել է իր համաձայնությունը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում