Երևանում կստեղծվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին արտահերթ նիստում մայրաքաղաքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշում ընդունեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց 45 կողմ և 3 դեմ և 0 ձեռնպահ ձայնով:
Նախագիծը ներկայացնող, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները և հստակ տնօրինել դրանք:
«Կատարված աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն միասնական մոտեցմամբ: Բյուջեով ՀՈԱԿ-ին կհատկացվի 3 մլրդ 400 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատավարձը, այսինքն՝ աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ համեմատած Երևանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի հետ»,- նշեց Սարգսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումը կարևոր և մեծ քայլ է համարում:
«Սկսում ենք մի գործընթաց՝ աղբի տեսակավորում, և դրանով բնապահպանական մեծ խնդիր ենք լուծում: Ստեղծվելու են վտանգավոր աղբի հավաքակայաններ: Սրանք չերևացող, բայց լուրջ քայլեր են, և մենք պոպուլիստական քայլեր չենք անելու, որոնք միանգամից երևալու են, այլ սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը երևալու է մոտ 15-20 տարի հետո»,- ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը նաև ՀՈԱԿ-ին աջակցելու կոչով դիմեց երևանցիներին՝ գույքը համալրելու համար:
«Ակնհայտ է, որ այս պահին համայնքն ամբողջ գույքը չի կարող համալրել, կոչ եմ անում երևանցիներին և սփյուռքի հայրենակիցներին մասնակցություն ունենալ ՀՈԱԿ-ի գույքի համալրման հարցում»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ արտահայտվեց և քննադատեց քաղաքապետարանի՝ համայնքային ևս մեկ կազմակերպություն ստեղծելու հանգամանքը:
«Պլանային տնտեսության ճանապարհով գնալը, երբ որոշում է կայացվում ամեն ինչ անել համայնքի միջոցով, սխալ ճանապարհ է, և ուշ թե շուտ խնդրի առաջ ենք կանգնելու»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում