Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ. Արման Թաթոյան
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ, և այն բերում է հանցավոր դրսևորումների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՀՀ արդարադատության նախարարության մեր գործընկերներն այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկում են, պարզապես դրանք պետք է առավել թիրախային լինեն:
Ընդգծեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը մշակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ, որն ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ կառավարություն: Կարծում եմ`դա այնպիսի փաստաթուղթ է, որ կարող է քննարկման առարկա դառնալ: Գուցե այդ փաստաթղթի հիման վրա հարցի լուծման համար միջոցներ ձեռնարկվեն»,- նշեց Թաթոյանը:
Նրա խոսքով` քրեական ենթամշակույթը, ի վերջո, տանում է հանցավոր դրսևորումների, ինչի հետևանքով շատ են լինում դեպքեր, որ քրեակատարողական հիմնարկում կատարվող տարբեր հանցանքների զոհ են դառնում քաղաքացիական անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում