Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Հայաստանի բանկերում իրացվելիության և կապիտալի համարժեքության ցուցանիշները շարունակում են մնալ բարձր

Հայաստանի բանկերում իրացվելիության և կապիտալի համարժեքության ցուցանիշները 
շարունակում են մնալ բարձր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի ներքաղաքական զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը`  ներկայացնելով 2018-ի ֆինանսական կայունության տարեկան հաշվետվությունը:

«Աճը զուգորդվել է նրանով, որ բանկային համակարգում ռիսկերի կուտակում որպես այդպիսին չի ձևավորվել: Եթե մենք ուշադրություն դարձնենք չաշխատող ակտիվների ձևավորմանը, ապա չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը նախորդ տարիների համեմատ որոշակիորեն նվազել է, իսկ հիմնական` կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները շարունակում են մնալ բավականին բարձր»,- ասաց Գրիգորյանը:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի խոսքով` կապիտալի համարժեքության նորմատիվը կազմում է 17.7 տոկոս, այն դեպքում նվազագույն պահանջվողը 12 տոկոս է, իսկ միջազգայնորեն ընդունված նվազագույն պահանջը 8 տոկոս է:

«Մեզ մոտ շարունակել է մնալ այդ ցուցանիշը բավականին բարձր, ինչը, ըստ էության, պատմականորեն բարձր է և բանկերը, գնահատելով պոտենցիալ ռիսկերը, լրացուցիչ կապիտալ ներդրումներ են իրականացնում, որպեսզի պոտենցիալ ռիսկերը կարողանան հեշտությամբ կլանել»-, մանրամասնեց Գրիգորյանը:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետն ասաց, որ նույն վերաբերվում է իրացվելիությանը` թե 2018 թվականի վերջի դրությամբ, թե ներկայումս բանկային համակարգի իրացվելիության ցուցանիշները շարունակում են մնալ բավականին բարձր:

«Իրացվելիության ցուցանիշը խոսում է բանկի ունակության  մասին, ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում բանկերը հնարավորություն ունեն իրացվելի միջոցների հաշվին սպասարկել հաճախորդներին: Դա կարող է վերաբերվել, թե վարկերի տրամադրմանը, թե ավանդների վերադարձմանը, թե տարբեր տեսակի վճարահաշվարկային գործողությունների իրականացմանը»,- ասաց Գրիգորյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ