ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը փակած քաղաքացիներին կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հորդորել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլեւս անշրջելի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ»,- նշել է վարչապետը:
Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին, ժամը 08:30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն այնպես, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել և դուրս գալ դատարանի շենքից: Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացնելու անհրաժեշտության մասին: