Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ


ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսին նախատեսվում է իրականացնել ներդրումային ֆորում: Շիրակի մարզպետարանը հաջորդ շաբաթ  արդեն կհայտարարի  բիզնես գաղափարների ներկայացման  հայտերի մասին: Նախատեսվում է  ֆորումին ներկայացնել 100 գաղափար  ներառող փաթեթ: Փաթեթը ներկայացնելու  համար կօգտագործվեն մարզի   մասնագիտական ռեսուրսները:  Մարզպետարանին ներկայացված գաղափարներից  դուրս կբերվեն ամենահետաքրքիրները: Այս մասին մայիսի 15-ին մարզպետի գործունեության 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը, անդրադառնալով առկա խնդիրներին, նշեց, որ Շիրակում աղքատության և անօթևանության մարտահրավերների հաղթահարումն է այսօր գերխնդիր: «Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Պետությունն այսօր կամք ունի այս հարցին մոտենալու, բայց նախ պետք  է այդ ծավալները հասկանանք:  ՀՀ  վարչապետի հանձնարարությամբ ստեղծված  հանձնախումբը միտված է հավաքագրել ողջ  անհրաժեշտ ինֆորմացիան  և իրականացնել քարտեզագրում: 3 հազար 226  ընտանիքի  խնդիր  է  այսօր, բայց խնդիրն ավելի խորն է. կան նաև ընտանիքներ, ովքեր տնակներում չեն,  բայց  չունեն օթևաններ՝ բնակվում են ծանոթ -հարազատների տանը կամ այլ կառույցներում»,-նշեց  Տիգրան Պետրոսյանը:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ կապված մարզպետը նշեց, որ  49 սուբվենցիոն  հայտ  ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մարզի համայնքների կողմից ներկայացված  հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլրդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու:  Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության,  ջրամատակարարման,  ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության,  վերականգնող էներգիայի,  մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են  կապված: 

Ի ուրախություն շիրակցիների՝ մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում Մարալիկում  մանվածքային  գործարանի տարածքում կվերաբացվի բամբակի և կիսաբամբակային թելերի արտադրությունը, որը նախնական կունենա  60-80 աշխատատեղ:  Նախատեսվում է  արտադրանքը  նաև արտահանել:  

Որպես գյուղատնտեսության ոլորտի հաջողված   ծրագրեր՝  նշվեց սուբսիդավորման  և «խելացի» անասնագոմերի նախագծերը:  Մարզպետը նաև կարևորեց այն հանգամանքը, որ այս  ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ: «Այն, ինչ ունենք հիմա  գյուղատնտեսության ոլորտում բավական ռիսկային է, նման է խաղատան խաղադրույքներին՝  ներդրումն անում ես,  բայց ապահովագրված չես  ու չգիտես  արդյունք կստանաս: Ողջունում ենք  գյուղական ապահովագրության համակարգը: Հույս ունենք, որ շուտով նաև մարզում կգործի այդ համակարգը»: Տիգրան Պետրոսյանը կարևորեց նաև ապրանքի իրացման խնդիրը՝ այս հարցի լուծման դեպքում շատ խնդիրներ կլուծվեն՝ թեթևացնելով գյուղացու հոգսը:  

Մարզպետարանը ստացել է նաև ծրագրային առաջարկներ Արաբական Միացյալ  Էմիրություններից և Չինաստանից: Այս առաջարկները դեռ քննարկման փուլում են:

Մարզի զարգացման համար  կարևոր է նաև  տուրիզմի  զարգացումը՝  ոլորտ, որը  մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Սակայն այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ  ենթակառուցվածքների հնարավորություն պետք  է ստեղծել: «Ենթակառուցվածքային ներդրում անելով մարզում  կարելի է օգտագործել  Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Արթիկի ներուժը: Պետք են միայն նախնական ներդրումներ: Գյումրիի գրավչությունն  ակնհայտ է»,-նշեց  մարզպետը՝  տեղեկացնելով, որ  այս տարի սպասվում է զբոսաշրջիկների  մեծ հոսք:

Շիրակի մարզպետը  ներկայացրեց նաև Գյումրիում  Բարեկամության այգու նախագիծը, որը քաղաքի համար մեծ հնարավորություն  կստեղծի:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մարզպետն անդրադարձավ նաև Գյումրիում փողոցաշինության, մարզպետարանում առաջիկայում սպասվող կրճատումներին և այլ հարցերի: 

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ