Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով. Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով. Արարատ Միրզոյանը 
ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր կանանց միջազգային օրն է։

Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց  դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի։

Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։

Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում։

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am