1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանկության գաղափարն արդեն իրականություն է. Երևանում տեղադրվեց Լևոն Թոքմաջյանի քանդակած հայկական գամփռի արձանը

Մանկության գաղափարն արդեն իրականություն է. Երևանում տեղադրվեց Լևոն 
Թոքմաջյանի քանդակած հայկական գամփռի արձանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ՝ օգոստոսի 23-ին, ՀՀ մայրաքաղաքի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կայացավ հայկական գամփռ ցեղատեսակի շան արձանի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանի բացմանը ներկա էին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի հիմնադրամի վարչության նախագահ Տիգրան Միգդեսյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, արվեստի գործիչներ և այլք:

Քանդակի հեղինակ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը բացման արարողությանը նշեց. «Հայկական գամփռի արձան ստեղծելու գաղափարն ինձ մոտ եղել է դեռ մանկուց, երբ հորս հետ գնում էի սարեր և ես անընդհատ այնտեղ տեսնում էի մի շան՝ Չալո անունով, որը շատ ապահով պահում էր ոչխարի հոտը: Շատ տարիներ են անցել, սակայն մինչ այսօր Չալոյի նվիրվածությունը մնացել էր հոգումս: Եվ հանկարծ Հոլանդիայի հայությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամն ինձ առաջարկում է քանդակել գամփռի արձանը: Ես շատ մոնումենտալ քանդակներ եմ ունեցել, սակայն այս գամփռ շան կերպարն ստեղծելը յուրահատուկ դժվարություն ուներ: Ես անընդհատ փորձում էի մտաբերել իմ մանկության գամփռին, և այդ կերպարն ինձ հանգիստ չէր տալիսՄոտ երկու տարի աշխատել եմ այս շանը քանդակելու համար»:

Նրա խոսքով՝ ինքը, մարդկային կերպար էր տեսնում գամփռի դեմքի վրա, փիլիսոփայական հայացք: Չալոյի արձանը հանձնելով երևանցիներին՝ քանդակագործը հույս հայտնեց, որ քաղաքացիները հոգատարությամբ և սիրով կփայփայեն նրան:

2013 թվականին՝ Ամստերդամում, իր փաստացի գործունեությունն է սկսել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը, որը սկզբում եղել է կիրակնօրյա հայկական դպրոց, ապա 2017 թվականին պաշտոնապես ստացել է հիմնադրամի կարգավիճակ: Հենց այս հիմնադրամի աջակցությամբ է տեղադրվել հայկական գամփռի արձանը:

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության պատվավոր նախագահ Վահան Ավագյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին այդ գեղեցիկ արարողությանը մասնակից լինելու համար:

«Մի խումբ ազգասեր նվիրյալների ջանքերով՝ մի քանի տարի առաջգամփռ ցեղատեսակը ծագումնաբանությամբ և արտաքին նկարագրով՝ պաշտոնապես, ճանաչվեց բացառապես հայկական: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, աշխարհում մեզ պատկանող արժեքների ճանաչմանն ու ընդունմանն ուղղված գործում»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ նախապես համաձայնեցնելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ Ամստերդամի հայ համայնքը որոշել էր Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ նվիրել նոր և բարի ընտանեկան խորհրդանիշ՝ հայկական գամփռի արձան:

Դրամահավաքին մասնակցել են Նիդեռլանդների բազում հայեր, հոլանդացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]