Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն. Ռուբեն Ռուբինյան


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցազրույց է տվել Tert.am լրատվական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

«Թերթ.ամ». Պարոն Ռուբինյան, օգոստոսի 17-ին հրավիրվելիք հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է 100 օրը: Այս առումով անդրադառնանք արտաքին քաղաքական ոլորտին՝ մեկ հարցի շուրջ՝ հայ-ռուսական հարաբերություններ, որոնք ըստ տարբեր գնահատականների՝ լավագույն ժամանակները չեն ապրում: Մասնավորապես, ռուսական կողմից փորձագետների մակարդակով հնչում է դժգոհություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ենթադրաբար՝ Փանիկի դեպքերի շուրջ Երևանի որակումների և այլ հարցերի առիթով:

Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո փորձագետներից ոմանք տվեցին՝ «չհասկացվածություն», ոմանք՝ «ճգնաժամ» և այլ տերմիններ: ՀՀԿ-ից եղավ բնութագրում, որ «պինգ-պոնգի» քաղաքականություն է վարվում. մենք ասում ենք, նրանք, մենք՝ նրանք:

Ռուբեն Ռուբինյան. Նախ, եկեք հստակ տարանջատենք Ձեր նշած կատեգորիաները: Փորձագետները մի կատեգորիա են, ռուսաստանցի պաշտոնյաները՝ մեկ այլ, «Հանրապետական» կուսակցության անդամները՝ մեկ այլ: Վերլուծաբանները չեն արտահայտում որևէ երկրի պաշտոնական դիրքորոշում: Եվ ինչպես շատ նորմալ է, որ կարող են լինել ռուսաստանցի վերլուծաբաններ, որոնք կասեն  տրամաբանական, կամ ոչ այնքան տրամաբանական բաներ, որոնք կուրախանան, կամ կդժգոհեն, այնպես էլ կլինեն հայ քաղաքագետներ-վերլուծաբաններ, որոնք կդժգոհեն կամ ոչ: Այսինքն՝ սա հստակ տարանջատենք, և չեմ կարծում, որ առանձնակի կարևորություն պետք է տալ սրան՝ միջազգային քաղաքականության կոնտեքստում: Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության անդամներին, խորհուրդ կտայի չփորձել դիվիդենտներ շահել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք, ի սկզբանե, հայտարարել ենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականության վեկտորներում փոփոխություններ չեն լինելու, որ մենք ունենք հստակ դիրքորոշում, որ պետք է պահենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ֆորմատներում և պատրաստ ենք խորացնել այդ հարաբերությունները, և եթե այս հարաբերությունների կոնտեքստում լինում են խնդիրներ և հարցեր, մենք միշտ պատրաստ ենք դաշնակցային և բարեկամական մթնոլորտում քննարկել դրանք և գտնել լուծումներ:

«Թերթ.ամ». Այսուհանդերձ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը շատերի գնահատմամբ՝ աննախադեպ էր, փորձագիտական մակարդակում չէ, այլ ՌԴ 2-րդ-3-րդ պաշտոնյայի: Արդյո՞ք դա հակառակի մասին չի վկայում:

Ռուբեն Ռուբինյան. Արտգործնախարարությունը տվյալ հարցը մեկնաբանել է, ասել ենք, որ հետևում ենք միջազգային արձագանքներին՝ Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնայնություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Միևնույն ժամանակ, հայտնել ենք, որ այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, և դրանք չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Կհիշեք, երևի, ամբողջ հայտարարությունը ԱԳՆ մամլո խոսնակի:

«Թերթ.ամ». Ամփոփենք՝ համարում եք, որ հայ-ռուսական հարաբերություններում այս ընթացքում գոնե չհասկացվածություն չի առաջացել:

Ռուբեն Ռուբինյան. Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա, և եթե լինեն հարցեր, եթե կան հարցեր, դրանք կքննարկվեն բարեկամական և դաշնակցային մթնոլորտում: Եվ չեն կարող երբևիցե հարցեր չլինել միջազգային իրավունքի ցանկացած 2 սուբյեկտների միջև: Նորմալ է, որ կլինեն հարցեր, և դրանք կքննարկվեն:

«Թերթ.ամ». Ի դեպ, Ռուսաստանից այս առիթով էլ քննադատություն հնչեց, որ ինչպիսի վիրավորանք, երբ Սերգեյ Լավրովին պատասխանում է ԱԳՆ խոսնակը, ոչ արտգործնախարարը: Դրա հետ կապված  մեկնաբանություն ունե՞ք:

Ռուբեն Ռուբինյան. Մեկնաբանություն չունեմ. Արտգործնախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է, և հավելելու ոչինչ չունեմ:

«Թերթ.ամ». Ի դեպ, ԱԳՆ-ն հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովին փոխարինելու է այլ զինվորական: Որևիցե անձ, թեկնածություն արդեն հայտնի է՞ և արդյոք ռուսական կողմն ընդունելի է համարում Երևանի առաջարկը: Եվ նաև՝ հայտնի՞ է Ձեզ՝ ինքը աշխատանքի գնում է, ստորագրում փաստաթղթեր:  Հարցը Ձեզ է ուղղվում, քանի որ հարցը կոորդինացնում են Պաշտպանության ու Արտգործնախարարությունները:

Ռուբեն Ռուբինյան. Այս առնչությամբ կարող եմ ասել հետևյալը, որ, ինչպես գիտեք, հայկական կողմն առաջարկել է, նախաձեռնել է պարոն Խաչատուրովի փոխարինման գործընթաց: Իսկ մնացած հարցերի հետ կապված՝ արդեն ներքին քննարկումների ոլորտում ենք գտնվում, և երբ արդեն լինեն հստակ արդյունքներ ու պայմանավորվածություններ, որոշումներ, տեղյակ կպահենք: 

«Թերթ.ամ». Այսինքն՝ շրջանառվում են թեկնածություններ, բայց անուններ չեն հայտնվում, ճի՞շտ եմ հասկանում:

Ռուբեն Ռուբինյան. Այսինքն՝մենք նախաձեռնել ենք փոխարինման գործընթաց, և երբ որոշակի հստակություն լինի, հանրությունն, անպայման, կտեղեկանա:

«Թերթ.ամ». Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ ուղերձը, որ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են և մտահոգիչ են համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը:

Ռուբեն Ռուբինյան. Ես կրկին կվերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է և շարունակելու է իր հարաբերությունները զարգացնել ինչպես ՌԴ, այնպես էլ Եվրասիական մեր մյուս դաշնակից պետությունների հետ և պատրաստ ենք դաշնակցային ու բարեկամական մթնոլորտում քննարկել ցանկացած հարց:

«Թերթ.ամ». Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ 2007-2008թթ. ԱԳՆ-ից հեռացված դիվանագետները՝ Վլադիմիր Կարապետյան, Մարթա Այվազյան, Ռուբեն Շուգարյան և այլք, վերադառնում են աշխատանքի:

Ռուբեն Ռուբինյան. Այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ չեն վերադարձել:

«Թերթ.ամ». Սակայն դա քաղաքական որոշման հարց է, նման հարց քննարկվե՞լ է, նպատակահարմա՞ր է:

Ռուբեն Ռուբինյան. Ինչպես նշեցի՝ այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ-ում չեն աշխատում: Եվ եթե ինչ-որ ֆորմատով վերադառնան, հանրությունը կտեղեկանա:

«Թերթ.ամ». Իսկ տեղեկությունները, քաղաքական նշանակումներով ԱԳՆ համակարգում հայտնված մոտ 2 տասնյակ դեսպաններ հե՞տ են կանչվելու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և նրանց փոխարինելու են կադրային դիվանագետները, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

Ռուբեն Ռուբինյան. Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ  դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս  փիլիսոփայությանը համահունչ:

«Թերթ.ամ». Իսկ հետկանչի ժամկետները՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ճի՞շտ են:

Ռուբեն Ռուբինյան. Երբ մեր դեսպանների հետ կապված լինեն փոփոխություններ, հանրությունն այդ մասին կտեղեկանա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ