Հասարակական

ԱԱԾ-ն ձերբակալել է աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն ձերբակալել է աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝ խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, իր անձի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով Նորայր Մինասյանը տուժողի հետ որպես հանդիպման վայր է ընտրել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքին հարող մերձակա տարածքը, որտեղ էլ փորձել է ստանալ գումարի մնացած մասը, սակայն անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործովՆորայր Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անցանկալի, այդ թվում` քրեական պատասխանատվություն նախատեսող հետևանքներից խուսափելու համար նման իրավիճակներում զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ թվացյալ դյուրին ճանապարհով` պաշտոնատար անձանց միջնորդությունների միջոցով, այսպես կոչված` հարցեր կարգավորելու գայթակղությունից։

Նորայր Մինասյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 հեռախոսահամարով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում