Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Էրդողանի հրամանով առևանգվել են Կոսովոյում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցի ուսուցիչները

Էրդողանի հրամանով առևանգվել են Կոսովոյում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցի 
ուսուցիչները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նշվում է, որ ուսուցիչներին առևանգել և Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները, և այս քայլն  առաջացրել է Կոսովոյի ղեկավարության և իրավապաշտպանների բուռն արձագանքը:.

«Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին և ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»,-զայրույթը չթաքցնելով՝ նշել է Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը:

Տեղական մամուլի հաղորդմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին ուսուցիչներին առևանգելու գործում աջակցել է հենց Կոսովոյի հատուկ ծառայությունը:

Առևանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր դասավանդում էին Կոսովոյում Գյուլենի դպրոցներում:

Առեւանգված ուսուցիչներից մեկի կինը` Ջասիմ Քարաբինան պատմել է, որ ամուսնուն ձերբակալելու ընթացքում թուրք գործակալներն իր և իրենց տղայի նկատմամբ նույնպես բռնություն են կիրառել:

«Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ և մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում, կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա, ձեռքիս սպին: Սպիեր կան նաև տղայիս կրծքին»,ասել է նա:

Առևանգվածների փաստաբաններն իրենց կողմից անհանգստություն են հայտնում: Նրանց խոսքով, իրենց պաշտպանյալների առողջությունն ու նույնիսկ կյանքը թուրքական կողմի ձեռքերում վտանգված է:

«Մենք մեր պաշտպանյալի մասին որևէ տեղեկություն չունենք: Իշխանությունները մեզ ոչինչ չեն հայտնում», -նշել են փաստաբանները:

 Փաստաբան Լեութրիմ Սիլայի խոսքով, Թուրքիայում առեւանգված ուսուցիչները խոշտանգումների կենթարկվեն:

Ուսուցիչների առեւանգումը քննադատության լայն ալիք է բարձրացրել Կոսովոյում, առավել ևս՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե իբր փորձել են իշխանափոխություն կատարել Թուրքիայում, լուրջ փաստեր չի ներկայացնում:

Դպրոցների սաները պահանջում են ետ վերադարձնել իրենց ուսուցիչներին:

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին (1998 թվականից վտարանդիության մեջ է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում) մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ: 

Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային: 

«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ