1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Ադրբեջանի արտահերթ 
նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել  Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դիտարկմանը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ստորագրությունների հաշվարկից և ստուգումից հետո արդեն գրանցել է նախագահի 4 թեկնածուների: 

Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից որպես նախագահի թեկնածու գրանցվել են գործող նախագահ Իլհամ Ալիևը, խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը, «Ադրբեջանի միավորված ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահը, պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը, «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն: 

Այս փուլում շարունակվում է դիտորդների գրանցման գործընթացը:  Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և դիտորդություն իրականացնելու նպատակով Բաքու է ուղարկելու 310 մարդ, որոնցից 280-ը անմիջականորեն հետևելու են ընտրական գործընթացին, 30-ը հանդես են գալու որպես երկարաժամկետ դիտորդներ:

Ադրբեջանի ընտրական գործընթացներին համաձայնել է մասնակցել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և հայտարարել, որ դիտորդներ կուղարկի Բաքու:

Ի տարբերություն ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մոնիտորինգին: Ժողովրդավարության և ընտրությունների համակարգման աջակցության պատգամավորական խմբի համանախագահներ Դեյվիդ Մաքեյսերն ու Լինդա Քեյնենը հայտարարել են, որ Եվրախորհրդարանը ընտրությունների հետ կապված գնահատական չի տալու և դիրքորոշումը ամառային արձակուրդներից առաջ հայտնելու է ԵՄ-Բաքու հարաբերությունների վերաբերյալ զեկույցում: 

Միջազգային կառույցների դիրքորոշումները լայն քննարկման առիթ են դարձել ադրբեջանական և արտասահմանյան փորձագիտական շրջանակներում, ոմանք կարծում են, որ միջազգային կառույցներն ադրբեջանական իշխանությունների հետ արդեն համաձայնության են եկել ընտրությունների ընթացքի և ելքի վերաբերյալ, ոմանք էլ, որ Եվրախորհրդարանի չմասնակցելու հանգամանքը կարելի է դիտարկել որպես բոյկոտ: 

Ընտրությունների հարցերով ադրբեջանցի փորձագետ Անար Մամեդլին, մեկնաբանելով ընտրությունների դիտարկման գործընթացը, նշել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընտրությունների մշտադիտարկման գործընթացին չմասնակցելու հանգամանքը բացասական է:

« Ներկայումս ընթացքի մեջ  են Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս տեսանկյունից լավ կլիներ, որ Եվրախորհրդարանը մասնակցեր ընտրությունների դիտարկման գործընթացին: Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներկայիս դրությամբ շատ քիչ են ընտրությունների դիտարկման խմբերը, նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների քանակը չափազանց փոքր է: Տեղական քաղաքական կուսակցություններն ու քաղհասարակության ներկայացուցիչները չեն կարող արդյունավետ դիտարկել ընտրությունների ընթացքը»,- նշել է փորձագետը:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի մերժման պատճառներին, փորձագետը նշել է, որ եվրոպացիները ակնհայտորեն չեն ուզում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի իշխանությունների հետ: 

«Նրանք պատրաստում են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որում պետք է տեղ գտնի նաև նախագահական ընտրությունների հարցը: Այդ զեկույցի ամբողջականության համար նրանք պետք է գային, հանդիպեին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և սեփական աչքերով հետևեին ընտրություններին»,-եզրափակել է Մամեդլին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]